Vinaora Nivo SliderVinaora Nivo Slider

Ֆիրմային անվանման ընտրություն


  • Ինչո՞ւ է անհրաժեշտ գրանցել ֆիրմային անվանում
  • Ինչպես ընտրել ընկերության անվանում

 

 

Ինչո՞ւ է անհրաժեշտ գրանցել ֆիրմային անվանում


Համաձայն ՀՀ օրենսդրության պահանջների, բոլոր առեւտրային կազմակերպությունները (ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ եւ այլն, բացառությամբ անհատ ձեռնարկատերերի) իրենց ընկերության անվանումն ընտրելուց հետո, այն ներկայացնում փորձաքննության ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալություն։ Նման մոտեցումը պայմանավորված է Հանրապետությունում գործող եւ գրանցված այլ ապրանքանիշերի եւ ֆիրմային անվանումների պաշտպանության անհրաժեշտությամբ։ Ձեր ընկերության անվանումը գրանցելուց հետո, այն եւս պաշտպանված կլինի Հայաստանի Հանրապետության օրենքներով։

Հայտերի ներկայացման էլեկտրոնային համակարգը հնարավոր է դարձել ֆիրմային անվանման գրանցումը նաեւ ավտոմատ ընթացակարգով։ Եթե ընտրված անվանումը չի ներառում աշխարհագրական անվանում եւ չի համընկնում կամ շփոթության աստիճանի նման չէ գրանցված ապրանքանիշերի կամ ֆիրմային անվանումների հետ, ապա համակարգը՝ առանց մարդու կողմից փորձաքննության ենթարկվելու անարգել կգրանցի նման ֆիրմային անվանումը։

Բոլոր այլ դեպքերում փորձաքննությունը կիրականացվի ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության փորձագետների կողմից՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Այս դեպքում եւս հայտերն ընդունվում եւ մշակվում են էլեկտրոնային համակարգի միջոցով։ Եթե Ձեր ընտրած անվանումը մերժվել է, ապա Դուք հնարավորություն կունենաք փոխել այն եւ վերահանձնել դիմումը, առանց լրացուցիչ պետական տուրք վճարելու։

 

Ինչպես ընտրել ընկերության անվանում


Ընկերության անվանումը որոշելը երկար մտորելու առիթ է ընկերության հիմնադիրների համար, սակայն այն ընկերության ստեղծման գործընթացում ամենակարեւոր քայլերից մեկն է։ Վատ ընտրված, կամ այլ ընկերության անվանում հիշեցնող անվանումն ի սկզբանե կվնասի Ձեր ընկերության հանրային ճանաչմանն ու գործունեության վերաբերյալ ճշգրիտ պատկերացումների ձեւավորմանը։

Այս բաժնում փորձել ենք ամփոփել ընկերության անվանման ընտրության մի քանի օգտակար սկզբունք, որոնք մշակվել եւ հրապարակվել են հայտնի միջազգային փորձագետների կողմից։

 

Հաջող ֆիրմային անվանումը պետք է լինի առանձնահատուկ, հիշվող եւ միեւնույն ժամանակ հեշտ գրի առնվող

Ձեր հավանական հաճախորդներն ու այցելուները պետք է հիշեն Ձեր ընկերության անվանումը, սակայն նրանք պետք է կարողանան այն հեշտությամբ որոնել՝ առցանց, հեռախոսագրքերում կամ դեղին էջերում։ Այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում համակարգիչներ վերանորոգող ընկերության անվանումն ընտրել «Կոշտ սկավառակ» ՍՊԸ, քանի որ այն իրոք, յուրահատուկ անվանում է, սակայն որեւէ մեկին հազիվ թե հուշի Ձեր հիմնական գործառույթները և ոլորտը: Օրինակ՝ «Տեխնոսարք» անվանումն առավել բարեհունչ եւ դյուրին որոնելի կլինի հենց Ձեր հաճախորդների համար։

 

Հաջող անվանումը պետք է ունենա տեսողական պատկերման բաղադրիչ

Յուրաքանչյուրս ցանկացած բառ կամ արտահայտություն լսելիս անմիջապես մտավոր տեսապատկերում ենք այդ բառը։ Այս մոտեցումը բնորոշ է բոլոր մարդկանց, եւ ընկերության անվանումն ընտրելիս խորհուրդ ենք տալիս առաջնորդվել այս սկզբունքով եւս։ Ընտրեք այնպիսի անվանում, որն արտասանության կամ կարդալու ընթացքում տեսողական որեւէ պատկեր կառաջացնի Ձեզ մոտ։

 

Հաջող անվանումը պետք է ունենա դրական ենթանշանակություն

Ընկերության անվանումն ընտրելուց հետո, անպատճառ վերլուծեք բոլոր այն լրացուցիչ իմաստները, որոնք նույնականցվում են այդ անվանման հետ, բացասական ենթանշանակություն ունեցող անվանումից խորհուրդ ենք տալիս հրաժարվել միանգամից։

 

Հաջող անվանումը պետք է նշի Ձեր գործունեության տեսակը

Մի ակնկալեք, որ Ձեր ընկերությունը անվանումը միանգամից կդառնա աշխարհահռչակ ապրանքանիշ եւ բոլորն այն կճանաչեն, ինչպես ճանաչում են «IMB» ընկերությունը։ Անվանում ընտրելիս աշխատեք, որ այն արտացոլի Ձեր գործունեության տեսակը եւ Ձեր հավանական հաճախորդների հուշի, թե ինչո՞վ է զբաղվում Ձեր ընկերությունը։ Ձեր գործունեությանը համապատասխան անվանում ընտրելը կերաշխավորի, որ հնարավոր այցելուները որոնման արդյունքների միջից անպայման կընտրեն Ձեր ընկերությունը, այլ ոչ թե կդիտարկեն այն որոնման համակարգի սխալ արդյունք։

 

Հաջող անվանումը պետք է հնարավորինս կարճ լինի

Ձեր ընկերության անվանման երկարությունը կենսական նշանակություն ունի Ձեր ընկերության վերաբերյալ տեղեկությունների տարածման առումով։ Մարդիկ պետք է կարողանան հիշել եւ միմյանց ասել Ձեր ընկերության անվանումը։ Այն պետք է հարմարավետ տեղավորվի Ձեր աշխատակիցների այցեքարտերում, ցուցատախտակներում եւ գովազգային նյութերում։ 21-րդ դարում ընկերության անվանում ընտրելիս անպատճառ պեք է հաշվի առնել դրա կիրառելիությունը որպես Ձեր ընկերության ինտերնետ կայքի հասցե, որոնք ինչպես նկատել եք լինում են հնարավորինս կարճ։

 

Այնպես որ, զինվեք համբերությամբ եւ մի ափսոսեք ժամանակ ծախսել Ձեր ընկերության անվանման վրա, այն Ձեր ձեռնարկության հաջողության գրավականն է։