![]() |
հաղթող նախագծերը կներկայացվեն ԴիջիԹեք բիզնես ֆորումում և Եվրասիա երիտասարդական միջազգային համաժողովում
Կայացավ «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցույթի առաջին փուլը, որի ընթացքում մոտ 30 երիտասարդներ ներկայացրեցին 14 նորարարական գաղափարներ: Հիմնական հայտերը ներկայացված էին Երևանի պետական համալսարանի, Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի և այլ բուհերի ուսանողների կողմից:
Առաջին փուլում ընտրվեցին նորարար և մրցունակ գաղափարներ, որոնց հիման վրա մասնակիցների ցանկությամբ ձևավորվեցին աշխատանքային թիմեր: Վերջիններս մինչև մայիսի 1 պետք է ամբողջացնեն և ներկայացնեն ինչպես բիզնես-գաղափարները, այնպես էլ աշխատանքային թիմերի կազմը: Մրցույթի հետագա փուլերի ընթացքում աշխատանքային թիմերը կկազմեն իրենց գաղափարների բիզնես-մոդելները, կմշակեն իրենց բիզնեսի փորձնական նախատիպերը:
Հաղթող թիմերը նորարարության և մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը հնարավորություն կունենան ներկայացնելու հունիսի 15-16 կայանալիք ԴիջիԹեք Բիզնես Ֆորումում, ինչպես նաև մայիսի 17-19 անցկացվող Եվրասիա միջազգային երիտասարդական համաժողովում:
Մրցույթի նպատակն է խթանել ՏՀՏ միջոցներով տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացումն ու էլեկտրոնային բիզնեսը: Կազմակերպիչներն են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բիզնես Ինկուբատորը և Եվրասիա Միջազգային Համալսարանը (ԵՄՀ) և Key Solutions խորհրդատվական ընկերությունը:

