Vinaora Nivo SliderVinaora Nivo Slider

8193222726 0f552beb41 bՓետրվարի 27-ին, ժամը 11:00-ին, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխամասային գրասենյակում (Արգիշտի փողոց 4/1) կայացել է մամուլի ասուլիս` «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» թեմայով:

 

Ասուլիսում բանախոսել են`

 

  • Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը
  • ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
  • Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Սեդրակյանը
  • Վորլդ Վիժն հայաստանյան ներկայացուցչության գործառույթների ղեկավար Շաղիկ Մարուխյանը
  • Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի համայնքային զարգացման ծրագրերի ղեկավար Հայաստան Ստեփանյանը

 

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստանի և Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի հետ համագործակցությամբ, Հայաստանի 50 դպրոցներում նախատեսում է ստեղծել ռոբոտաշինության խմբակներ: Նախաձեռնության նպատակն է հետաքրքրություն առաջացնել աշակերտների մոտ ռոբոտատեխնիկայի ոլորտի նկատմամբ, զարգացնել ճարտարագիտական մտածելակերպը, ինչպես նաև ապագա ուսանողներին նախապատրաստել տեխնիկական համալսարաններում սովորելուն:


«Տարեցտարի ավելանում է ռոբոտաշինությամբ հետաքրքրվող և ռոբոտների մրցույթներին մասնակցել ցանկացող երեխաների թիվը, ովքեր, ի դեպ, բավական մեծ հաջողություններ են գրանցում մրցույթների ժամանակ: Զարգացումներին ավելի մեծ ընթացք տալու նպատակով` միությունը նախագծել է ուսումնական խմբակի համար նախատեսված ռոբոտի կոմպլեկտ: Ներկայումս նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի 50 դպրոցի կտրամադրվեն ուսումնական ռոբոտների համապատասխան կոմպլեկտներ»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:


«Ռոբոտաշինության զարգացումը մեր երկրի մրցունակության ամրապնդման հեռանկարներից մեկն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է այդ ոլորտի զարգացումը խրախուսող նախաձեռնություններին: Դպրոցականին հատուկ ոգևորությունը, հետաքրքրությունը, նորը սովորելու և յուրացնելու աշակերտների ներքին պահանջը դպրոցը դարձնում են իդեալական միջավայր`Հայաստանում ռոբոտաշինության ուղղությամբ ամուր հիմքեր ստեղծելու համար: Վստահաբար, սովորողներից շատերը կցանկանան մասնագիտանալ հենց ռոբոտաշինության ոլորտում՝ գերկարևոր այդ բնագավառում դառնալով մեր երկրի մրցակցային առավելության կրողներն աշխարհում», - ասել է Ռալֆ Յիրիկյանը: «Ռոբոտաշինության զարգացումը որոշակիորեն կնվազեցնի նաև «ուղեղների արտահոսքը», - ավելացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:


Դպրոցական խմբակներում դասընթացները նախատեսված են 2013թ.-ի սեպտեմբերից: Ծրագրի շրջանակներում` հունիս-հուլիս ամիսներին, նախատեսվում է նաև համապատասխան դպրոցների ուսուցիչների վերապատրաստում: Ուսումնական ռոբոտների ծրագրավորումը հնարավոր կլինի Լաբվյու, Մայքրոսոֆթ ռոբոտիքս ստուդիո ծրագրերի միջոցով:


Այսօր ռոբոտաշինության խմբակներ կան Երևանում գործող Այբ դպրոցում, Քվանտ և Պոլիտեխնիկ վարժարաններում, իսկ մարզերից` Լոռիում (Ախթալա), Սյունիքում (Սիսիան, Կապան), Շիրակում (Գյումրի) և Արագածոտնում (Թալին):