Vinaora Nivo SliderVinaora Nivo Slider

Ամռան մեկնարկը մայրաքաղաքում լինելու է տեխնոլոգիական

digitecbusiness top 2012

«Smart Country- թվային լուծումներ նորարար տնտեսության համար» խորագիրը կրող ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 15-16 «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում: 5-րդ ամենամյա ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը թվային լուծումների հիման վրա, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:

 

Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

 

«ԴիջիԹեք բիզնես ֆորումը հատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի զարգացող բիզնես միջավայրում: Հանդիսանալով բիզնեսի համար առաջատար լուծումների մատակարար և միաժամանակ պատվիրատու' համարում ենք, որ ֆորումը եզակի հարթակ է գործնական կապեր հաստատելու, նոր գործընկերներ, հաճախորդներ ներգրավելու համար: Միջոցառման շրջանակներում ՏՀՏ ոլորտի տեղական ընկերությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց նոր արտադրանքները, ծառայությունները, իսկ պոտենցիալ օգտագործողները գնահատելու' որքանով այդ առաջարկները կօգնեն բարելավել իրենց աշխատանքային գործընթացները, բարձրացնել տրամադրվող ծառայությունների որակը, ավելացնել եկամուտները և այլն»,- նշում է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

 

«ԴիջիԹեք գործարար համաժողովի թիրախային լսարանն այն հայկական բիզնեսն է, որը գործում է մրցակցային դաշտում և դուրս է մենաշնորհային շրջանակներից: Սա արդիական միջոցառում է, նախատեսված խելացի ու առաջադեմ գործարարների համար, ովքեր ուզում են ապրել առաջատար երկրում: Որպեսզի մեր թիրախային լսարանն իր նպատակին հասնի, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը ստեղծում է համապատասխան միջավայր' ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որտեղ տեխնոլոգիական արտադրանք և ծառայություններ առաջարկողները կարող են հանդիպել գործարար սպառողի հետ»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

 

Երկօրյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը բաղկացած կլինի հետևյալ միջոցառումներից.


• Տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նվիրված կոնֆերանս - Կքննարկվեն ՏՀՏ և այլ նորարարական տեխնոլոգիական լուծումների արդյունավետ ներդրման ձևերը, մեթոդները և խնդիրները տնտեսությունում

• Տեխնոլոգիական սեմինարների շարք – Կներկայացվեն ՏՀՏ ընկերությունների կողմից նախագծված վերջին լուծումներն ու ծառայությունները

• "DigiTec Business" ֆորում-ցուցահանդես: