Ինչպես ներկայացնել էլեկտրոնային հայտ
Պետական ռեգիստրն ապահովում է իրավաբանական անձի գրանցման էլեկտրոնային հայտերի ընդունումն օրվա ցանկացած ժամի։ Ոչ աշխատանքային օրերին ներկայացված էլեկտրոնային հայտերը համարվում են ներկայացված դրանց հաջորդող աշխատանքային օրը։ Ժամը 18.00ից հետո ներկայացված էլեկտրոնային հայտերը համարվում են ներկայացված դրան հաջորդող աշխատանքային օրը:
Դիմողն իրավաբանական անձի գրանցման փաստաթղթերը կարող է ներկայացնել պետական ռեգիստրի ինտերնետային կայքում գրանցվելուց հետո։
Դիմողը լրացնում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ' օրենք) պահանջվող փաստաթղթերում ներառման ենթակա տեղեկությունները, որից հետո համակարգի կողմից գեներացվում են համապատասխան փաստաթղթերը, որոնք դիմողը հանձնում է պետական ռեգիստր'էլեկտրոնային եղանակով:
Հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգն ստուգում է դիմողի մուտքագրած տվյալները։ Մուտքագրված տվյալների համապատասխանությունն ստուգվում է համապատասխան պետական մարմինների տվյալների էլեկտրոնային շտեմարանների հետ։ Տվյալների անհամապատասխանության դեպքում դիմողը համակարգի կողմից անմիջապես համապատասխան հաղորդագրության միջոցով ծանուցվում է դրա մասին։
Գրանցման համակարգը հնարավորություն է ընձեռում պահպանելու լրացված տեղեկատվությունը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, փոփոխելու այն, մինչև դիմումը հանձնելը։
