
Ապրիլի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո, «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ նախաձեռնությամբ ու Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի աջակցությամբ, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի, Հայաստանում Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնի և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի համագործակցությամբ Հայաստանում առաջին անգամ կնշվի «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը»:2010թ.-ին Հեռահաղորդակցության Միջազգային Միությունը ընդունեց բանաձև' յուրաքանչյուր տարվա ապրիլի չորրորդ հինգշաբթի օրը որպես «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օր» նշելու և դրանով ոգեշնչելու զարգացող ու զարգացած երկրների աղջիկներին ու կանանց ընտրել ՏՀՏ կարիերան:
Նույն օրը ժամը 13:00-17:00-ը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի կունենա «Աղջիկները կարող են զարգացնել ՏՀՏ-ն» ֆորումը, որի ընթացքում ելույթ կունենան ՏՀՏ ոլորտի կրթության, գիտության, կառավարության, արտադրության բնագավառների հաջողակ կանայք' ներկայացնելով իրենց անցած ճանապարհը և հաջողության գաղտնիքները: Ֆորումում նաև կհանձնվեն մրցանակներ տարբեր անվանակարգերում:
Աղբյուրը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:
