|
|
Հայաստանյան 10 ՏՀՏ ընկերություններ կմասնակցեն ...Հայաստանյան 10 ՏՀՏ ընկերություններ կմասնակցեն երկրորդ ամենամյա Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառմանը Հայաստանյան 10 ՏՀՏ ընկերություններ կմասնակցեն սույն թվականի հոկտեմբերի 29-30 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք երկրորդ ամենամյա Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառմանը: Մասնակից ընկերությունների թվին են պատկանում E-dram, CHS Verisel Service, Strategic Partners, E-works, Spyur, Lime Tech, Margasoft Corp, IDS Design and Technologies, Grant Thornton Amyot, Macadamian AR: Հայաստանյան ընկերությունների մասնակցությունը միջոցառմանը կազմակերպում և համակարգում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/` USAID/CAPS-ի օժանդակությամբ: «Համագործակցություն նորարարության և մրցունակության համար» կարգախոսը կրող Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառման նպատակն է ստեղծել և խթանել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին Արևելքի երկրների պետական և մասնավոր հատվածների, ասոցացիաների և ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջև համագործակցությունը` նպաստելու նորարարությունն ու մրցունակությունը: Միջոցառման կամակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհուրդը և Վրաստանի Էլեկտրոնային կառավարության զարգացման պետական հանձնաժողովը:Միջոցառումը բաղկացած է երկու մասից. 1. ‹‹Վրաստանի ՏՏ Իննովացիոն Կոնֆերանս 2009››, որի շրջանակներում կկարևորվի ՏՀՏ դերը տարածաշրջանի տնտեսական և սոցիալական զարգացման նախադրյալներ ստեղծելու գործում, կներկայացվեն առաջատար ՏՀՏ ոլորտի մոտեցումներն ու լուծումները: 2. ‹‹Վրաստանի ՏՏ Իննովացիոն մրցանակաբաշխություն 2009››, որի ընթացքում կխրախուսվեն պետական և մասնավոր այն ընկերությունները, որոնք առանձնահատուկ ներդրում են ունեցել ՏՀՏ զարգացման գործում: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 30-ին: Ժյուրիի կազմում է նաև ԻՏՁՄ-ն: Գործարար ներկայացումներով հանդես կգան հետևյալ հայաստանյան ընկերությունները և կազմակերպությունները. • ‹‹ԻՏՁՄ-ն` որպես հայաստանյան ՏՀՏ բիզնեսը միավորող կառույց›› թեմայով • USAID/CAPS-ը` «Մրցունակության և բիզնեսի զարգացման մարտահրավերները Հայաստանում» թեմայով • Սփյուռքի նախարարության վարչության պետ Տիգրան Հարությունյանը` «Համահայկական ցանց» թեմայով • «Նորք տեղեկատվական վերլուծական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Հայկ Չոբանյանը` «Էլեկտրոնային կառավարումը Հայաստանում` ներկան և ապագան» թեմայով • E-dram-ը` որպես ինտերնետային վճարման համակարգ • Strategic Partners` սոցիալական և բիզնես ցանցեր. անցյալը, ներկան և ապագան |
|








